Այսօր Հայաստանում և Սփյուռքում հայությունը աստիճանաբար կտրվում է սեփական արմատներից, դառնում անտարբեր ազգային պատմության, մշակույթի, ավանդույթների հանդեպ։ Մենք կանգնած ենք հայ տեսակը կորցնելու, հայությունից հրաժարվելու, Հայաստանը զանգվածաբար լքելու վտանգի առաջ։ Հայ տեսակի պահպանման համար անհրաժեշտություն է դարձել հայերի գիտակցության մեջ գլխավոր հարցերի պատասխանների վերահաստատումը՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում։

Ազգայինի նկատմամբ հարգանքի ու հպարտության զգացողության բացակայությունը առաջանում է դեռևս դպրոցական տարիքում, երբ երեխաները սկսում են ակամա համեմատել ազգայինն ու օտարածինը, և այդ համեմատությունը ազգայինի օգտին չէ։Հայ երեխաները այսօր ակտիվ սպառում  են ժամանակակից և բարձրորակ օտարածին մեդիակոնտենտ։ Այն արդիական է, գեղեցիկ և գրավիչ։ Մեր երեխաների դպրոցական պայուսակներին և շապիկներին, նրանց սենյակների պատերին Սփայդերմենն ու Բարբին են, բայց ոչ Սանասարը, Ծովինարը կամ Հայկ Նահապետը։ 

Պարզ է, որ հնարավոր չէ վերահաստատել և ամրապնդել ազգային արժեքները միայն դպրոցի ուսումնական ծրագրի շրջանակներում։ Երեխաների ազգային գիտակցության համար պայքարում պետք է հետևողական ստեղծել և տարածել ազգային պատմությանն ու մշակույթին նվիրված հետաքրքիր, վառ, բարձրորակ, ժամանակակից մեդիակոնտենտ։ XXI դարի լեզվով և շնչով մատուցված ազգային գաղափարներն ու գիտելիքները հզոր զենք են մեր ապագա սերունդների համար պայքարում։

Studio

Գիտակցելով դա, «ՍԱՆԱՍԱՐ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնեց և իրականցրեց «Բանիմացիա» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի շարքի ստեղծումը։ «Բանիմացիան» նվիրված է հայոց պատմության էջերին, ազգային մշակույթին և ավանդույթներին։ «Բանիմացիան» նպատակ ունի պատմելու մեր ազգային արժեքների մասին վառ, բարձրորակ անիմացիայի լեզվով, շեշտը դնելով պատմությունը և փաստերը մատչելի և հետաքրքիր մատուցելու վրա։ «Բանիմացիայի» ֆիլմերում տեղ են գտնում նաև այն կարևոր և հետաքրքիր փաստերը, որոնք դպրոցական ծրագրից սովորաբար դուրս են մնում կամ մատուցվում են մակերեսորեն։ Պատմական փաստերի ճշգրտությունը ապահովելու համար «Բանիմացիայի» սցենարների ստեղծմանը պարտադիր մասնակցում են նաև խորհրդատուներ՝ պրոֆեսիոնալ պատմաբաններ։ Ֆիլմերը ստեղծվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն տարբերակներով։

compilation new

Ի՞նչ կարևոր խնդիրներ է լուծում «Բանիմացիան»։
• Ազգապահպան ինֆորմացիայի տրամադրում, տեղեկացում՝ և՛ հայաստանաբնակներին, և՛ սփյուռքահայությանը (դպրոցական տարիքի երեխաներին և նրանց ծնողներին)։
• Հարգանքի, սիրո և հպարտության զգացմունքի ձևավորում հայոց պատմության, ազգային մշակույթի և ավանդույթների հանդեպ։
• Հետաքրքրություն սեփական պատմության, մշակույթի և ավանդույթների հանդեպ, գրականությունից և այլ աղբյուրներից ավելին իմանալու ցանկության առաջացում։


«Բանիմացիայի» բոլոր թողարկումները տես այստեղ՝ https://www.youtube.com/@banimacia-arm