«Սանասար» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ տպագրվել է Սարգիս Այվազյանի «Ուրարտերեն (հնագույն հայերեն)։ Բացատրական-ստուգաբանական բառարան» աշխատությունը (Երևան, «Լուսակն», 2026)։ Լեզվաբան-ուրարտագետ Սարգիս Այվազյանի հետազոտությունների առանցքում ուրարտական արձանագրությունների վերլուծությունն է։ Իր աշխատություններում հեղինակը բացահայտում է հայերենի ու ուրարտերենի ընդհանրությունները և հիմնավորում ուրարտերենի հայկական ծագումը կամ դրա սերտ ազգակցությունը հայոց լեզվի հետ։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում և հեղինակել է ուրարտերենին նվիրված բազմաթիվ աշխատություններ։

Նոր լույս տեսած բառարանում հավաքված է Վանի թագավորության (մ.թ.ա. IX–VII դդ.) մեզ հասած սեպագիր արձանագրությունների ամբողջ բառապաշարը՝ արդի հայերեն թարգմանություններով։ Բառահոդվածներում ներկայացված են ուրարտերենի ծագումնաբանական կապերը և նրա առնչությունները գրաբարի, խուռերենի և այլ լեզուների հետ։ Յուրաքանչյուր բառի համար բերված են սեպագիր տեքստերում եղած բոլոր վկայությունները՝ թարգմանություններով։

Բառարանը նախատեսված է ուրարտագետների, հայագետների և հնդեվրոպաբանների համար։ Այն օգտակար կլինի նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են ուրարտերենով կամ ցանկանում են սովորել այդ լեզուն։