«Բանիմացիա» անիմացիոն ֆիլմերի շարք

«Բանիմացիա» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի շարքը նվիրված է հայոց պատմության էջերին, ազգային մշակույթին և ավանդույթներին։ «Բանիմացիայի» մուլտֆիլմերում տեղ են գտնում նաև այն կարևոր և հետաքրքիր փաստերը, որոնք դպրոցական ծրագրից սովորաբար դուրս են մնում կամ մատուցվում են մակերեսորեն։ «Բանիմացիան» պատմում է մեր ազգային արժեքների մասին բարձրորակ անիմացիայի լեզվով, շեշտը դնելով պատմությունը և փաստերը մատչելի և հետաքրքիր մատուցելու վրա։ Իսկ թեթև, երբեմն զվարճալի վիզուալ լուծումներն ու հումորը էլ ավելի հետաքրքիր են դարձնում դիտումը․․․

Մարտիրոս Գավուքչյանի աշխատությունները առաջին անգամ թարգմանվել են ռուսերեն

«Սանասար» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ թարգմանվել և հրատարակվել է հայագետ Մարտիրոս Գավուքչյանի «Исследования древнейшей истории Армении» ժողովածուն (Երևան, 2026)։ Ժողովածուն ընդգրկում է հեղինակի երկու մենագրություն՝ «Հայ ժողովրդի ծագումը» և «Արմենիա, Սուբարտու և Շումեր․ հնդևրոպական հայրենիքը և Հին Միջագետքը», ինչպես նաև երկու հոդված, որոնք նվիրված են հայ ժողովրդի հնագույն պատմությանը։

Ս. Այվազյանի ուրարտերենի բացատրական-ստուգաբանական բառարանը

«Սանասար» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ տպագրվել է Սարգիս Այվազյանի «Ուրարտերեն (հնագույն հայերեն)։ Բացատրական-ստուգաբանական բառարան» աշխատությունը (Երևան, «Լուսակն», 2026)։ Լեզվաբան-ուրարտագետ Սարգիս Այվազյանի հետազոտությունների առանցքում ուրարտական արձանագրությունների վերլուծությունն է։ Իր աշխատություններում հեղինակը բացահայտում է հայերենի ու ուրարտերենի ընդհանրությունները և հիմնավորում ուրարտերենի հայկական ծագումը կամ դրա սերտ ազգակցությունը հայոց լեզվի հետ։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում և հեղինակել է ուրարտերենին նվիրված բազմաթիվ աշխատություններ։

Շումերական վիպաշարից երկու պոեմ՝ առաջին անգամ հայերեն

«Սանասար» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ տպագրվել է Արմեն Դավթյանի կողմից շումերերենից կատարված երկու թարգմանություն։ «Էնմերկարը և Էնսուխգիրաննան» պոեմը Արատտային նվիրված շումերական վիպաշարի չորս վիպերգերից առաջինն է։ Վիպաշարը բացող այս ստեղծագործությունն իր գրական-գեղարվեստական արժանիքներից զատ, պարունակում է նաև կարևոր պատմական ու մշակութային տեղեկություններ։ «Լուգալ-բանդան և Անզուդ հավքը» պոեմը նույն վիպաշարի վերջին՝ չորրորդ վիպերգն է։ Թեև այն մոտ չորս հազար տարեկան է, կոթողը աչքի է ընկնում ինքնատիպությամբ և արդիականությամբ։

Արա Պետրոսյանի «Ընդ հանուր» գիրքը

Պատահակա՞ն է արդյոք ամեն ինչ մեզ շրջապատող աշխարհում, թե՞ գոյություն ունի ինչ-որ տրամաբանություն։ Արդյոք մարդը Տիեզերքի սխա՞լն է, թե՞ հակառակը՝ մեծ համակարգի տրամաբանական տարրը։ Եվ եթե մարդը սխալմունք չէ, ապա ինչո՞ւ է նրա կյանքն այդքան հակասական և խնդրահարույց, իսկ ստեղծած քաղաքակրթությունը՝ հոգեվարքի մեջ։ «Սանասար» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արա Պետրոսյանի «Ընդ հանուր» գրքում (Երևան, 2020) փորձ է արվել պատասխանելու այս կարևորագույն հարցերին։ Հեղինակն առաջարկում է մի յուրօրինակ վարկած, որը միասնական իմաստ ու տրամաբանություն է հաղորդում մեզ հայտնի և դիտարկելի բոլոր երևույթներին՝ հիմնարար մասնիկների աշխարհից մինչև մարդկային սոցիում։

«Սասնա ծռեր» քվեստային խաղ

Ազգային արժեհամակարգի և ազգային մշակութային կոդի պահպանման գործում «Սանասար» հիմնադրամը կարևորում է նաև ժամանցի, զվարճանքների որակն ու բովանդակությունը։ Խաղերը նույնպես կարող են և պետք է հարգանք առաջացնեն սեփական մշակույթի ու պատմության նկատմամբ, ավելին իմանալու և կրթվելու խթան դառնան։ «Սասնա ծռեր» ինտերակտիվ ինտելեկտուալ խաղը այդպիսի խաղերի շարքից է՝ նրա հիմքում մեր ազգային էպոսի սյուժեն է․․․